ԲՀԿ-ի օրհասական օրերից հետո համարյա երկամսյա լռություն պահպանող, ժամանակ առ ժամանակ Հայաստանից բացակայող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույց է տվել իր ոչպաշտոնական կայքին: Ճիշտ կլիներ, որ հարցազրույցը կայքում ներկայացվեր ոչ թե հայերեն, այլ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Ինչո՞ւ: Որևէ նոր տեսակետ, նախկինում արտահայտած մտքերից քայլ առաջ կամ հետ, աջ կամ ահյակ չկա: Հայ ընթերցողը այդ ամենը գիտի կամ հասկանում է: Հասկանում է և ասվածը, և չասվածի պատճառը, իսկ այլ երկրների ինչի՞ն է պետք: Հարցազրույցը ուղղված է արտաքին աշխարհին: Բացահայտորեն: Արտաքին քաղաքական հարցերի գերակայությունից բացի՝ կա նաև այլ խնդիր՝ Ռոբերտ Քոչարյանը խոսում է անցյալից, խոսում է ներկայից, և ոչ մի բառ՝ ապագայից: Ապագան նա սպասում է դրսից:
Ռոբերտ Քոչարյանը մտահոգ է, որ հայ-թուրքական հարաբերությունները վատացել են: Շատ պատճառներից նա գլխավորը համարում է Թուրքիայի եվրոպական ձգտումների նվազումը, որից էլ ածանցյալ՝ հանդուրժողականություն և բարյացակամություն ցուցադրելու կարիքի նվազումը: Կարող էր հավելել առաջիկա խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում: Եվս մի պատճառ է համարում տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացումը և նրա՝ տարածաշրջանում դոմինանտ դիրք ստանալու ձգտումները, որ մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այդպես է: Հավելեք «Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար»: Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք անվանում է «մեռելածին», բայց ընդունում է, որ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրին Հայաստանում ու Թուրքիայում, միջազգային հանրության շրջանում: Նա կարծում է, որ Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը զսպելու հնարավորություն ստացավ և քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի, չի բացվի նաև հայ-թուքական սահմանը: Ռոբերտ Քոչարյանը ցեղասպանության ճանաչումը կապում է Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հետ՝ Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Սա հաստատում է, որ նա շարունակում է մնալ հայ-ռուսական համագործակցության գնահատման դաշտում՝ Հայաստանի անվտանգությունը տեսնելով այդ ուղղության մեջ՝ նշելով, որ գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն առանձնապես չեն փոխվել:
Գործնականում ՀՀ երկրորդ նախագահը համաձայն է ՀՀ առաջին նախագահի հետ այս և հաջորդ՝ սահմանադրական փոփոխությունների հարցում, նրա տեսակետը չի փոխվել՝ նա վստահ է, որ Հայաստանի ներկա խնդիրները կապված չեն գործող Սահմանադրության, պետական կառավարման ձևի հետ: Դեմ է, որովհետև Հայաստանում չի տեսնում կուսակցական համակարգ՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով և կարծում է, որ խորհրդարանական մոդելը կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը: Երկու նախկին նախագահները հաստատել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ կդառնա՞ այս հարթակը համագործակցության ելակետ: Ռոբերտ Քոչարյանը շտապում է ասել՝ ոչ՝ անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ծավալված քաղաքական գործընթացներին: Չափազանց թափանցիկ է ակնարկը՝ «Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ»: «ՈՒնեի» ժամանակային սահմանը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են ԲՀԿ նախկին նախագահի համագործակցությունը ՀԱԿ-ի հետ ու ոչիշխանական եռյակը՝ «Ակնհայտ է, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչիշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը»՝ ասում է ՀՀ երկրորդ նախագահը, որ ստեղծել է ԲՀԿ-ն:
Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը ակնհայտ է դարձնում նաև նրա և գործող վարչապետի քաղաքական դաշնակցության այս պահին անհնարինությունը: Նա լիուլի քննադատում է կառավարությանը, ոչ մի դրական քայլ չտեսնելով վարչապետի գործունեության մեջ՝ «Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»:
Արտաքին աշխարհին՝ այս անգամ «արևմտյան կողմն աշխարհի» ժեստ է Իրանի պատժամիջոցների վերացումով Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ արձանագրելը: Հնարավորություններ, որ Հայաստանի իշխանությունները «չեն տեսնում», տեսնելով միայն Կրեմլի ռուբինե աստղը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փետրվարից հետո ապրիլին՝ Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույցով վերահաստատեց՝ ես ոչ մի տեղ չեմ գնացել, ես այստեղ եմ, իմ տեսակետները չեն փոխվել այս և գուցե նաև այլ՝ չհրապարակված, հարցերում, ես խոսում եմ անցյալից ու ներկայից, ապագայի մասին ես կլռեմ այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք բացահայտում ապագայի ձեր ծրագրերը: Համենայն դեպս՝ ես կամ ու կամուրջների իմ տարբերակներն էլ կան՝ Ռուսաստան, Արևմուտք, Իրան, իսկ Հայաստանում չկա որևէ կայացած կուսակցություն, որի հետ աշխատելը հեռանկար խոստանար: Գուցե հենց դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում «նոր» հարցազրույցից հետո ի հայտ է գալու «նոր» կուսակցությո՞ւն: